Իրանի նախագահի վեց թեկնածուներ մասնակցեցին առաջին բանավեճին ազգային հեռուստատեսության Irib TV1 ալիքով: Բանավեճը ապրիլի 28-ին էր ու տևեց երեք ժամ: Գլխավոր թեման սոցիալական հարցերն էին՝ բնակչության մարգինալացումը, գործազրկությունը, կենսամակարդակի բարձրացումը, հին բնակարաններից մարդկանց վերաբնակեցումը: Բանավեճը 3 մասից էր: Առաջին մասում 4 րոպե թեկնածուներից մեկը պատասխանում էր վարողի հարցերին: Ելույթների հերթականությունը և հարցը որոշվում էր վիճակահանությամբ: Հետո թեկնածուներին տեղից 2 րոպե էր տրվում քննադատության և ելույթ ունեցողներին հարցեր տալու համար: Ամբիոնի մոտ գտնվող թեկնածուին 5 րոպե էր տրվում պատասխանների համար: Երկրորդ մասում վարողը հերթականությամբ մեկական հարց էր տալիս թեկնածուներին՝ պատասխանի 2 րոպե ժամանակ տալով: Վերջում թեկնածուները ունեին 3 րոպե եզրափակիչ ելույթի համար: Հեռուստաբանավեճերից բացի թեկնածուներն ունեն և նախընտրական քարոզարշավի այլ ալիքներ: Հեռուստատեսությամբ նախատեսված է ևս 2 ձևաչափ քաղաքացիներին թեկնածուների քաղաքական ծրագրերը ներկայացնելու համար: Առաջինը՝ թեմատիկ հարցազրույց, երկրորդը՝ ուղերձ քաղաքացիներին: Նախատեսված են և ռադիոեթերներ՝ հավասար բոլոր թեկնածուներին:
Առաջին հեռուստաբանավեճում ընտրողները ակնկալում էին գործող նախագահ Հասան Ռոհանիի և նրա հիմնական մրցակից՝ նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռաիսիի միջև: Բայց հսկաների մենամարտ չեղավ:
Ռոհանին ակնկալիքները չարդարացրեց: Նա խոսում էր դանդաղ ու ընդհանուր արտահայտություններով, արդյունավետ չօգտագործեց իր ելույթի ժամանակը: Կառավարության հասցեին քննադատությունից ու հարձակումներից պաշտպանվելով՝ նախագահը կատակի էր տալիս: «Եթե այս կառավարությունը չլիներ, հիմա մեր բարեկամները չէին կարող ինտերնետում քարոզչություն անել»՝ իր ընդդիմախոսներին ասում էր նախագահը: Նա մեղադրեց Գալիբաֆին՝ ստի և ֆեյք նորությունների տարածման մեջ:
Երեք թեկնածուներ՝ արդյունաբերության նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի Տաբան, Ռաիսին և մշակույթի նախկին նախարար Մուստաֆա Միրսալիմը մնացին Գալիբաֆի դեմ Ռոհանի-Ջհանգիրիի բանավեճի ստվերում: Բանավեճում Ռաիսին պոպուլիստական հռետորաբանության էր դիմում Մահմուդ Ահմադինեժադի ոճով՝ շեշտը դնելով սոցիալական արդարության վրա: Սակայն տնտեսական առումով նա այլընտրանք չառաջարկեց կառավարության քաղաքականությանը: Իրանի վերլուծաբանները և ԶԼՄ-ները նրան անվանեցին հեռուստաբանավեճի գլխավոր ձախողակ: Նրան չհաջողվեց խարիզման խաղի մեջ դնել: Հիմա հարց է՝ կարո՞ղ է Ռաիսին ռեալ մրցակից լինել Ռոհանիին: Նույնիսկ նրա կողմնակիցները կասկածում են:
Թեհրանի քաղաքապետ Մոհամեդ-Բաղեր Գալիբաֆը իր ընտրարշավը կառուցում է կառավարության քննադատության վրա՝ հիշեցնելով Ռոհանիի նախընտրական խոստումները 2013-ին: Քաղաքապետի գլխավոր կարգախոսն է «Խոսքի կառավարությունից՝ գործի կառավարության»: Հեռուստաբանավեճում Գալիբաֆը ջանում էր բանավեճը դարձնել Ռոհանիին դիմակայություն: Քաղաքապետը առաջադրեց «4 % ընդդեմ 96 %»-ի բանաձևը, այսինքն՝ արիստոկրատներն ընդդեմ սակավ ունեցվածքի տերերի, շեշտը դնելով գործազրկության, թույլ տնտեսության վրա: Գալիբաֆի համար այդ ընտրությունները նախագահ դառնալու վերջին հնարավորությունն են: Սա նրա երրորդ ընտրարշավն է, նա Թեհրանի քաղաքապետն է 2005-ի օգոստոսից: Քաղաքագետ Հասան Ռոսուլի կարծիքով՝ Գալիբաֆի ելույթը պահպանողական ճամբարի ռազմավարության սահմաններում է, որով բացատրվում է և Ռաիսիի աննկատությունն առաջին բանավեճում: «Պահպանողակաները հետևելու են երկու թեկնածուներին էլ: Հիմա նրանք ցանկանում են բարձրացնել Գալիբաֆի վարկանիշը, որպեսզի հետո նրան համոզեն հանել թեկնածությունը հօգուտ Ռաիսիի»՝ ասել է քաղաքագետը Entekhab պորտալին:
Բոլորի համար անսպասելի բանավեճի աստղ դարձավ առաջին փոխնախագահ Էսհակ Ջհանգիրին: ԶԼՄ-ները և վերլուծաբանները նրան հատկացրին Ռոհանիի շանթարգելի և սպոյլեր թեկնածուի դերը: Նրա մասնակցության գլխավոր խնդիրը համարվում է կառավարության քաղաքականության պաշտպանությունը: Սակայն նա դրսևորեց սառնասրտություն և համբերություն, վստահ հնչեցնում էր վիճակագրական տվյալները՝ ի պատասխան կառավարության քննադատության: Ի տարբերություն մյուս հինգ մասնակիցների, որ օգտագործում էին ընթացիկ արտահայտություններ «ժողովրդական բարիքի» և «միանգամից բոլոր խնդիրների լուծման» մասին, Ջհանգիրին գործից էր խոսում: Նա ճակատային գրոհի գնաց Գալիբաֆի դեմ: «Մարդը, որ կազմակերպել էր Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան գրոհը, հիմա ո՞ւմ նախընտրական շտաբում է աշխատում»՝ հետաքրքրվեց առաջին փոխնախագահը: Խոսքը Հասան Կորդմիհանի մասին էր, որ ղեկավարում է մի քանի երիտասարդական պահպանողական շարժումներ և Թեհրանի քաղաքապետի շտաբի անդամ է: 2016-ի հունվարին նա Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակման կազմակերպիչներից մեկն էր: Նա նաև գործուղման է եղել Սիրիայում, որտեղ նրան հրահանգներ էր տալիս Հեղափոխության Պահնորդների հատուկ ջոկատի հրամանատար Կասեմ Սուլեյմանին:
Ջհանգիրին բոլոր թեկնածուներից ամենավստահն էր: Հեռուստաբանավեճից հետո սոցիալական ցանցերում նրա կողմնակիցների թիվը կտրուկ աճեց: Twitter-ում իբրև հիմնական թեկածուի Ջհանգիրիին աջակցեց Խաթամիի վարչակազմի ղեկավար Մոհամեդ Ալի Աբգահին, Իրանի Հեռուստապետկոմի ղեկավար Վահիդ Իմանին և այլ լրագրողներ: Թվիթների առաջին խմբաքանակը հավաքեց Tasnim News-ը: Ի պատասխան պահպանողական լրատվամիջոցները սկսեցին լուրեր տարածել, որ ոչ թե առաջին փոխնախագահը, այլ նրա շեֆ Հասան Ռոհանին կարող է հանել թեկնածությունը:
Նախագահական ընտրարշավի ֆավորիտներ Ռոհանի ու Ռաիսին ակնկալիքները չարդարացրին: Բարենորոգիչների ճամբարում անորոշություն է տիրում: Խորհրդարանում բարենորոգիչների «Հույս» խմբակցության ղեկավար և քաղաքագետ-բարենորոգիչների Բարձրագույն խորհրդի ղեկավար Մոհամեդ Ռեզա Արեֆը, որ հայտարարում էր Ռոհանիին աջակցության մասին, բանաեճից հետո ասաց. «Մենք ամենասկզբից ասում էինք, որ Հասան Ռոհանին կդառնա բարենորոգիչների հիմնական թեկնածու, բայց ոչ միակ»: Նա խուսափեց այս կամ այն թեկնածուի վերաբերյալ վերջնական որոշումից: «Բարձրագույն խորհուրդը կընդունի կոլեկտիվ որոշում: Միայն դրանից հետո կարող եմ կոնկրետ անուն տալ»՝ մեջբերում է Արեֆին Tasnim News-ը: Ռաիսիի կողմնակիցները որոշեցին ամրապնդել նրա դիրքերը: Այաթոլա Մոհամեդ Մեհդի Ֆագիհին, որ Կումայի աստվածաբան դասախոսներից է, հաղորդեց նախկին գլխավոր դատախազին աջակցության մասին: Ֆագիհի խոսքով՝ կազմակերպությունը ապրիլի 28-ի նիստում մեծամասնությամբ քվեարկել է Ռաիսիի օգտին: «Այսօր ձայների մեծամասնությունը տրվեց Էբրահիմ Ռաիսիին: Այդ պատճառով մենք աջակցում ենք նրա թեկնածությանը»՝ աստվածաբանի խոսքերն է մեջբերում Tasnim News-ը: Եվս մեկ կազմակերպություն, որ կարևոր դեր ունի Իրանի քաղաքական ու հասարակական կյանքում, «Պայքարող հոգևորականության միությունը», դեռ չի հայտարարել իր որոշումը: Այս երկու կազմակերպությունների աջակցությունը կարող է երաշխավորել հաղթանակ ընտրություններում: Entekhab պորտալի հարցումներով՝ առաջին հեռուստաբանավեճում հաղթեց Ռոհանի-Ջհանգիրի զույգը: Նրանց օգտին քվեարկել է օգտատերերի 84 %-ը, Գալիբաֆ-Ռաիսիի օգտին՝ 13 %, 3 % -ը ստացել են մյուս թեկնածուները: Ինտերնետ քվեարկությանը մասնակցել է 25,5 հազար մարդ:
Կիրիլ ՋԱՎԼԱՀ, REGNUM
Հ.Գ. Իրանի նախագահի պահպանողականների թեկնածու Էբրահիմ Ռաիսին, լինելով կոշտ գծի կողմնակից, կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է վախենա «Իրան» բառից՝ հաղորդել է Associated Press-ը: «Այսօր ամերիկացիները վախենում են «Իրան» բառից,- հայտարարել է նա Իրանի հեռուստատեսությամբ:- Եվ դա ճիշտ է: Մենք չպետք է նահանջենք, մենք նրանց պետք է ստիպենք նահանջել»:
Փաստորեն աշխարհի բոլոր պահպանողականները նույնն են ասում, ինչպես և բարենորոգիչները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ